Blogger Templates

среда, 20 ноября 2013 г.

Երբ կողքիս ես...

  Լուսանցքից մի քայլ այն կողմ...

  
  Առանց քեզ ապրել չեմ կարող ու չեմ ուզում:
  Լճացել է կարոտն իմ հոգում:
  Երանի տեսնեմ ժպիտդ գերող, քեզ տեսնեմ երջանիկ ոչ միայն երազում:
  Սրտումս է գրված անունդ, աչքերիս մեջ սերն է փայլում:
  Սիրելիս, եթե նույնիսկ ընկճված ես կամ էլ տրամադրություն չունես, նայիր աչքերիս ու կհասկանաս, որ այդ ամենն անցողիկ է, մնայուն է միայն սերը:

вторник, 8 октября 2013 г.

Վարդգես Պետրոսյան "Կրակե շապիկ"

 
 Յուրահատուկ գիրք, որը մտնում է իմ կարդացած գրքերի ոսկե ցուցակի մեջ: Այս գրքի շնորհիվ կարող ես սեփական ոչնչությանդ բախվելով` ինքնաճանաչման ճիշտ ուղու վրա կանգնել... Գիրքը գրել է հայ մարդ, գրել է հայկական հայացքներով ու հայերեն սրտով: Չկարդալ չի կարելի: Իսկ հիմա` մի քանի պատառիկ մեծ գրքից.

  

понедельник, 30 сентября 2013 г.

Սառը ձեռքեր ու մի բուռ ջերմություն...

  
  Մի օր մեր աչքերը հանդիպեցին իրար:
  Նոյեմբերյան մի ցուրտ ու անձրևոտ օր դու քո ափերի մեջ սեղմեցիր սառած մատներս, ու աչքերիցդ ժպիտ թափեցիր: Ձեռքերս, որոնք աշնան սկզբից մինչև գարնան ավարտը անտանելիորեն սառն են, չտաքացան, բայց հոգիս ջերմացավ: Դու ջերմացրիր իմ էությունը: Սիրվեցիր: 

  Ես նայում էի քո աչքերին ու երազում: Ինձ համար մի յուրահատուկ նուրբ ու գեղեցիկ արվեստ էր քո աչքերն ուսումնասիրելը: Աչքերիդ անխոս պրպտումների մեջ ես հետզհետե սկսեցի հասկանալ, որ կարող եմ հոգիս վերլուծել ու խմբագրել: Որ կարող եմ դառնալ ավելի լավը: Կարող եմ անցնել ինձ քեզանից բաժանող երազանքի բոլոր իրականացող փուլերն ու դառնալ ուրիշ մարդ: Դառնալ լիարժեք` լոկ քոնը լինելու համար: 

вторник, 24 сентября 2013 г.

"Կգամ" Հ. Սահյան


Լալա Մնացականյանի անկրկնելի կատարմամբ: Կարելի է անվերջ լսել, լսել, լսել ու չհոգնել... Վայելեք.






вторник, 3 сентября 2013 г.

ես ու Ես...

  Ես աշխարհ եկա ոչ իմ որոշմամբ: Եկա տիեզերական հրեշավոր ցավից, եկա ցավը ճեղքելով, ինքս ցավ դարձած: Ես եկա հույսի կանչերով, եկա ու ականջ խլացնող ճիչով ողջունեցի մարդկանց: Մարդիկ ինձ Լույս անվանեցին, ու երջանկացան ինձանով: Ես եկա: Սկսեցի գոյություն ունենալ:

вторник, 13 августа 2013 г.

20...


  Ես վաղը հեռախոսս կտաքացնեմ ափերիս մեջ, ու չեմ ստանա ոչ մի սպասված զանգ: Կամ ինձ ընդհանրապես չեն զանգի: Վաղը նորից կհիշեմ հեռացածներին, ու ոչ մի արձագանք չեմ ստանա: Վաղը կսկսեմ հիշել քսան տարում ապրածս բոլոր խենթություններն ու չապրածս երազանքները: Կինոֆիլմի կադրերի նման ամեն ինչ կհաջորդի իրար...

 

среда, 7 августа 2013 г.

Վիրտուալ

 
  Վիրտուալ: Սա մի տարածք է, որտեղ դու ամեն ինչ կարող ես անել: Ամեն ինչ կարող ես անել, բայց վերջում կհասկանաս, որ ժամանակդ անցավ, իսկ դու ոչնչի չհասար: Կնայես աջ ու ձախ` նույն սենյակն է, նույն սեղանը` փոշեպատ, հին, հարազատ, նույն աթոռը, նույն զզվելի էկրանը, ու միայն դու ես ուրիշ: Դու, որ ամե'ն ինչ արեցիր փոշեպատ սեղանի առաջ, փոխվեցիր-փոխվեցիր... Ու քեզ վերջում կմնա ընդամենը մեկ բան անել` մաքրել սեղանի փոշին...

 

вторник, 30 июля 2013 г.

Ներշնչանք

 Կիսահեղինակային

 Երբ ոտքերը ամպոտ մի աղջնակ կյանքում ունենում է շարունակ երազած մի պահի անհաջող կադր, մնացած ցանկացած շարունակություն դառնում է զազրելի, մինչև որ կյանքը նրան մատուցում է երազանքի իսկական իրականացումը: Բայց արդեն դժվար է լինում. հավատ չկա...



 

воскресенье, 14 июля 2013 г.

Ես հասկացել եմ դա...


   Մի փորձիր նմանվել ուրիշներին: Հիշիր, միլիարդավորների մեջ դու միակն ես ու անկրկնելին քո տեսքով: Եզակի ես ու անփոխարինելի: Պահպանիր քո եզակիությունը, պահպանիր միակը լինելու քո հնարավորությունն ու մնա այնպիսին, ինչպիսին արարվել ես ի սկզբանե: Հիշիր՝ տգեղ հասկացողություն չկա, կան ընդամենը տարբերվածության մակարդակներ: Ես հասկացել եմ դա...

  Հիշիր, քո վարքն ու բնավորությունը միայն դու ունես: Ու դա ոչ թե քո շնորհքի, այլ քեզ շրջապատողների վերաբերմունքի արդյունքն է: Սովորիր չազդվել: Փոխիր քեզ քո ճաշակով, ոչ թե ինչ-որ մեկին նմանվելու ձգտումով: Դու՝ դու ես, եղիր եզակի ու հաստատուն քո որոշումների ու քայլերի մեջ: Փոխվիր միայն ու միայն քո ճաշակով, միայն լավ առումով: Ես հասկացել եմ դա...

суббота, 8 июня 2013 г.

"Արտեմիո Կրուսի մահը", պատառիկներ

  Վերջերս կարդում էի գրող Կարլոս Ֆուենտեսի "Արտեմիո Կրուսի մահը" վեպը: Մի քիչ դժվար ընթեռնելի, դժվարամարս ու խառը գրվածքը ինձ համար բացահայտումների մի ողջ աշխարհ եղավ, խրվելով դրա մեջ` ես մի քանի օրում կորցրեցի ու գտա ինձ: Գիրքը, որը իրենից ներկայացնում է իր կյանքի փուլերը լիարժեք ապրած, արդեն կաթվածահար մարդու խոհերն ու հիշողությունները, անցյալի, ներկայի, ապագայի ու ուղղակի երևակայության խառը զանգված է: Դժվար հասկանալի, հոգնեցնող, միաժամանակ անկասելիորեն  ձգող սուր հոգեբանական մի վեպ, որը դասվեց իմ կարդացած գրքերից ամենալավերի ցուցակում: Ուզում եմ ձեզ ներկայացնել ընթերցանության ժամանակ գրքից քաղված մի քանի պատառիկներ, գոհարներ, հուսով եմ` կհավանեք ու ամբողջ գիրքը կընթերցեք մի օր: Շատ բաներ, հնարավոր է` անհասկանալի ու անիմաստ համարեք, բայց եթե գիրքը կարդաք, այդ ամենը կթվա  վերին աստիճանի խորիմաստ ու հուզիչ: Անձամբ իմ հոգեկանի վրա խորը ազդեցություն է թողել սա: Մի խոսքո~վ`



пятница, 31 мая 2013 г.

Գտիր իմ հետքը...

  Գիտե՞ս, ես քեզ սպասում եմ: Գտիր իմ հետքը: Գիտե՞ս, դու կարող ես: Ու ես դա չեմ ուզում քեզ ու քո շնորհքին վերագրել: Չեմ ուզում, որովհետև ուզում եմ հիշես, որ գնալուցս առաջ ես քեզ իմ մտքերի ոտնահետքը ցույց տվեցի, որ հեշտ գտնես իմ անցած ուղին: Ուզեցի, որ հիշես ինձ, չկորցնես հուշս:

  Գիտե՞ս, ամայի ճանապարհով եմ անցել, անքամի ու անանձրև մի ճանապարհով, անարև, բայց լուսավոր մի ճանապարհով եմ քայլել, որ հեշտ լինի քո որոնումը: Ոտնահետքերս դաջել եմ ճանապարհին` ամեն քայլից հետո հայացքս հետ թեքելով` երևու՞մ է: Երևում է, վստահեցնում եմ քեզ:

  Գտիր իմ հետքը: Չէ՞ որ ես գնալուսց առաջ քեզ տվեցի սրտիս ցանկությունը, որ անպայման հետ վերադարձնես: Ես գիտեի, որ դու, լինելով հետաքրքրասերից հետաքրքրասեր, մարդկային ցանկություններ ես հավաքում: Ես իմ երազները շատ էի սիրում, բայց տվեցի: Ժամանակավոր: Չէ՞ որ դու խոստացար գալ իմ հետքով ու վերադարձնել ինձ իմ ցանկությունը:

вторник, 28 мая 2013 г.

Բան չմնաց...

  -Ես ե՞րբ պիտի խելքի գամ:
  -Բան չմնաց... Գնա:
  -Լավ էլի'... Միշտ նույնն ես խոստանում, բայց ամեն անգամ` նույն արդյունքը: Ժամանակը ափսոսա գոնե, էլ ո՞նց ասեմ. "բան չմնաց"...
  -Չէ~, դու դիմացի, բան չմնաց...
  -Հա, էլի'... Սպասենք:
  Ու համբերությունս սեղմելով հոգուս խտություններում` սպասում եմ:
  Մեկ, երկու, երեք... Տասը... Տասնութ... Քսանմեկ...
  -Հը՞, նու՞յնը:
  -Նույնը...
  -Է'հ...

суббота, 11 мая 2013 г.

Տանիքների վրայով...


Տանիքների վրայով հոսում է ժամանակը,
Տանիքների վրայով ծորում է ժամանակը...
Կրակի վրա եմ մարդկանց տարածքում,
Այրվում եմ, վառվում...
Հրշեջների մուտքը ժամանակին է,
Բայց սրտին չես օգնի` այն կամաց այրվում է...

Ինչի է նման այս ամենը...

воскресенье, 5 мая 2013 г.

Պատուհան...

  Իմ փոքրիկ սենյակի միակ պատուհանը մի ողջ աշխարհ է: Չնայած նրան, որ պատուհանի տեսադաշտում բակի մի շատ աննշան հատված է, սահմանափակ մի տարածություն, բայց այդ սահմանափակն էլ իր բազմազանությամբ ու բազմերանգությամբ իրոք մի կյանք է ինձ համար:

  Մանուկ ժամանակ, երբ դրսում անհոգ թռվռացել եմ ընկերներիս հետ, այդ նույն պատուհանն է հետևել ինձ մորս աչքերով, այդ նույն պատուհանն է հիշեցրել ինձ արդեն ուշ լինելու մասին, գիշերվա մասին, տան մասին:


воскресенье, 21 апреля 2013 г.

Հեքիաթի հուշերով...

  Ես հիմա կուզենայի քեզ տեսնել, կուզենայի քեզ հիշեցնել քո մասին, իմ հեքիաթը, մեր լեգենդը ներկայացնել քեզ: Կուզենայի երկա~ր-երկար նայել աչքերիդ մեջ, ու ասել, թե ինչքան եմ կարոտել քո հոգու ջերմությանը: Ես այդպես էլ չհասկացա` ժպտու՞ն են քո աչքերը, թե՞ տխուր: Միայն դու ունես այդպիսի աչքեր, միայն քո աչքերում է կարելի գտնել այն ամենը, ինչը ուրիշների մոտ մի-մի հատ է տրված:
  Երբ իմ աշխարհը սկսեց բաժանվել երկու մասի, երբ թղթի ճերմակի վրա անջնջելի սևով սկսեցին դաջվել իմ հույզերի վկաները, ես ունեցա քեզ:
 

четверг, 11 апреля 2013 г.

Երազների հավերժություն

  Մարդկային ոչ մի զգացմունք հավերժ չէ: Գալիս է մի պահ` ուրախանում ես, մի պահ` տխրում, մի պահ` նախանձում, խանդում, ջղայինանում... Ու մի պահ է գալիս, երբ այդ ամենը դառնում է հիշողություն. մարդկային բոլոր զգացմունքները հավաքվում են հիշողության շրջանակներում ու անմահանում:
  Երազն էլ է դառնում հիշողություն: Երազը, որ դու ես: Մարդու երազները իրեն են բնութագրում, կազմում նրա բնավորության ու հոգեկանի հիմքը: Բայց, վերջին հաշվով, երազն էլ է դառնում հիշողություն: Դառնում է հիշողություն, երբ առաջին անգամ մանկապարտեզից տուն ես գալիս` էլ երբեք չգնալու համար, երբ դպրոց ես գնում-դպրոցը ավարտում, ընդունվում համալսարան, սիրահարվում... Երբ տեսնում ես մանկության ընկերուհուն` իր փոքրիկի ձեռքը բռնած, կամ երբ պարում ես սիրելի քրոջ, եղբոր հարսանիքին: Այդ բոլոր պահերին մեռնում են երազները, մեռնում ու դառնում հավերժ:

воскресенье, 7 апреля 2013 г.

Մի օր կգամ...

  Ես կգամ մի օր: Երբ հիշողությանդ բոլոր ծալքերում խավար կլինի, երբ ոչ մի ձևով չես կարողանա վերականգնել իմ հուշը, ես կգամ քեզ մոտ: Ու կփորձեմ հիշեցնել, թե ով էի քեզ համար: Կամ` ով ես դու ինձ համար... Մի օր ես կգամ, ու կգտնեմ քեզ դժբախտ, ինչպես թողել էի, կամ երջանիկ, ինչպես տենչում էի, որ լինես: Կգամ, ու կնայեմ աչքերիդ.
  -Հիշու՞մ ես ինձ:
  Եվ քեզ կնետեմ անթիվ-անհամարների մեջ ինձ փնտրելու մշուշի գիրկը:

  Մի օր ես կգամ, երբ դու, քեզ այդքան հպարտացնող քո տաղանդից հոգնած, վայր դրած կլինես զենքերդ, կգամ, ու կստիպեմ քեզ երկու քայլ մոտենալ իմ հոգուն: Կստիպեմ քեզ հերձել իմ հոգին:

 

пятница, 29 марта 2013 г.

Փշուրների իմ ամբողջություն

  Սիրում եմ, երբ մարդիկ ստիպում են ինձ հորինել: Հորինել արև, հորինել ջերմություն, ժպիտ, սեր, լեգենդ... Հորինել այն, ինչ չկա: Շատ եմ սիրում, երբ մարդիկ ստիպում են ինձ հորինել իրենց, իրենց դեմքով կերտել այնպիսի նոր կերպար, ինչպիսին երևի երազել են լինել: Ու ես էլ հորինել եմ: Հորինել եմ իրենց ներշնչածով: Եվ, ամեն անգամ զգալով իմ ստեղծածի կատարելությունը` հիացել եմ անմնացորդ ու սիրահարվել իմ մտքի ծնունդին, ինչպես քանդակագործներն են գործը ավարտին հասցնելուց հետո հիանում անշունչ, անզուգական գեղեցկությամբ:

пятница, 22 марта 2013 г.

Ռիթմիկ լռություն



-Ոչ մի,-անմեղ ժպիտով պատասխանում եմ ես` վայելելով զրուցակցիս ապշած ու թերահավատ հայացքը...

Ու էսպես` ամեն անգամ, երբ հարցնում են, թե ինչ երաժշտություն եմ սիրում... Հա' էլի, ոչ մի: Հարցնում եք` հնարավո՞ր է: Հաստատում եմ Կյանք չկա՞ առանց երգի: Իմ համար կյանք առանց գրքի' չկա: Վաղուց հրաժեշտ եմ տվել ստիպողաբար երգ լսելուն: Անբնական տեմպեր... Իսկական երաժշտությունը իմ մեջ է, դա ես եմ: Առանց ժանրերի տարբերակման, երաժշտական բոլոր օրենքները ոտնահարած իմ խենթ մեղեդիներով: Վերջին հաշվով` ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է սեփական մեղեդին, կյանքի իր յուրահատուկ տեմպը, որը ոչ բառերով, ոչ էլ երաժշտական գործիքներով արտահայտել հնարավոր չէ: Կոմպոզիտորներն էլ ամեն անգամ իրենց գործերը կատարելիս ընկնում են տարերքի մեջ, փորձում հոգեկանը ներմուծել անբնականի մեջ, բացահայտել գաղտնիքը, կատարելագործված արտահայտել մեղեդիները հանրության առաջ: Կոնկրետ ես ոչ մի բան չեմ ստանում դրանց ղժժոց-բժժոց, դխկոց-շխկոց, կլկլոց-ծկլթոցներից... Անկատար է:

четверг, 21 марта 2013 г.

Գիշեր ու կյանք


  Նորից գիշեր... Ինչքան ժամանակ է` իմ գիշերները ուշանում էին, կամ ես նրանց շուտ չէի ընդունում` չգիտեմ: Իսկ հիմա ես ուղղակի ինքս եմ ստեղծում իմ գիշերները: Ապրելու համար: Ամենաիսկական կյանքը գիշերն է լինում, երբ մարդ մնում է իր մտքերի, երազանքների, հուշերի հետ, երբ հերթական գիրքը կարդալ-վերջացնելուց հետո սկսում է ինքն իր մեջ քննարկել կարդացածը, իրեն պատկերացնել գրքի յուրաքանչյուր հերոսի փոխարեն...

воскресенье, 10 марта 2013 г.

Բարևներս... :) Վերջապես ես էլ որոշեցի բլոգ ունենալ... Բայց թե ինչ եմ մտադրվել անել էստեղ` դա արդեն չեմ որոշել, չգիտեմ...  ճիշտն ասած, բլոգի մասին էնքան գաղափար ունեմ, ինչքան, ասենք, իսպաներենից` շատ քիչ ու անհաստատ գիտելիք :( Բայց թե, կզարգացնեմ: Մի խոսքով, վաղվանից սկսում եմ բլոգագիտությամբ զբաղվել, ու վաղվանից կսկսեմ որոշել, թե ինչի' որոշեցի բլոգ ունենալ: Կարծում եմ` պատասխանը կգտնեմ :) Հարգանքներս` վաղվա գրառմանը :D առայժմ