Blogger Templates

пятница, 31 мая 2013 г.

Գտիր իմ հետքը...

  Գիտե՞ս, ես քեզ սպասում եմ: Գտիր իմ հետքը: Գիտե՞ս, դու կարող ես: Ու ես դա չեմ ուզում քեզ ու քո շնորհքին վերագրել: Չեմ ուզում, որովհետև ուզում եմ հիշես, որ գնալուցս առաջ ես քեզ իմ մտքերի ոտնահետքը ցույց տվեցի, որ հեշտ գտնես իմ անցած ուղին: Ուզեցի, որ հիշես ինձ, չկորցնես հուշս:

  Գիտե՞ս, ամայի ճանապարհով եմ անցել, անքամի ու անանձրև մի ճանապարհով, անարև, բայց լուսավոր մի ճանապարհով եմ քայլել, որ հեշտ լինի քո որոնումը: Ոտնահետքերս դաջել եմ ճանապարհին` ամեն քայլից հետո հայացքս հետ թեքելով` երևու՞մ է: Երևում է, վստահեցնում եմ քեզ:

  Գտիր իմ հետքը: Չէ՞ որ ես գնալուսց առաջ քեզ տվեցի սրտիս ցանկությունը, որ անպայման հետ վերադարձնես: Ես գիտեի, որ դու, լինելով հետաքրքրասերից հետաքրքրասեր, մարդկային ցանկություններ ես հավաքում: Ես իմ երազները շատ էի սիրում, բայց տվեցի: Ժամանակավոր: Չէ՞ որ դու խոստացար գալ իմ հետքով ու վերադարձնել ինձ իմ ցանկությունը:

вторник, 28 мая 2013 г.

Բան չմնաց...

  -Ես ե՞րբ պիտի խելքի գամ:
  -Բան չմնաց... Գնա:
  -Լավ էլի'... Միշտ նույնն ես խոստանում, բայց ամեն անգամ` նույն արդյունքը: Ժամանակը ափսոսա գոնե, էլ ո՞նց ասեմ. "բան չմնաց"...
  -Չէ~, դու դիմացի, բան չմնաց...
  -Հա, էլի'... Սպասենք:
  Ու համբերությունս սեղմելով հոգուս խտություններում` սպասում եմ:
  Մեկ, երկու, երեք... Տասը... Տասնութ... Քսանմեկ...
  -Հը՞, նու՞յնը:
  -Նույնը...
  -Է'հ...

суббота, 11 мая 2013 г.

Տանիքների վրայով...


Տանիքների վրայով հոսում է ժամանակը,
Տանիքների վրայով ծորում է ժամանակը...
Կրակի վրա եմ մարդկանց տարածքում,
Այրվում եմ, վառվում...
Հրշեջների մուտքը ժամանակին է,
Բայց սրտին չես օգնի` այն կամաց այրվում է...

Ինչի է նման այս ամենը...

воскресенье, 5 мая 2013 г.

Պատուհան...

  Իմ փոքրիկ սենյակի միակ պատուհանը մի ողջ աշխարհ է: Չնայած նրան, որ պատուհանի տեսադաշտում բակի մի շատ աննշան հատված է, սահմանափակ մի տարածություն, բայց այդ սահմանափակն էլ իր բազմազանությամբ ու բազմերանգությամբ իրոք մի կյանք է ինձ համար:

  Մանուկ ժամանակ, երբ դրսում անհոգ թռվռացել եմ ընկերներիս հետ, այդ նույն պատուհանն է հետևել ինձ մորս աչքերով, այդ նույն պատուհանն է հիշեցրել ինձ արդեն ուշ լինելու մասին, գիշերվա մասին, տան մասին: