
Մարդկային ոչ մի զգացմունք հավերժ չէ: Գալիս է մի պահ` ուրախանում ես, մի պահ` տխրում, մի պահ` նախանձում, խանդում, ջղայինանում... Ու մի պահ է գալիս, երբ այդ ամենը դառնում է հիշողություն. մարդկային բոլոր զգացմունքները հավաքվում են հիշողության շրջանակներում ու անմահանում:
Երազն էլ է դառնում հիշողություն: Երազը, որ դու ես: Մարդու երազները իրեն են բնութագրում, կազմում նրա բնավորության ու հոգեկանի հիմքը: Բայց, վերջին հաշվով, երազն էլ է դառնում հիշողություն: Դառնում է հիշողություն, երբ առաջին անգամ մանկապարտեզից տուն ես գալիս` էլ երբեք չգնալու համար, երբ դպրոց ես գնում-դպրոցը ավարտում, ընդունվում համալսարան, սիրահարվում... Երբ տեսնում ես մանկության ընկերուհուն` իր փոքրիկի ձեռքը բռնած, կամ երբ պարում ես սիրելի քրոջ, եղբոր հարսանիքին: Այդ բոլոր պահերին մեռնում են երազները, մեռնում ու դառնում հավերժ: