Յուրահատուկ գիրք, որը մտնում է իմ կարդացած գրքերի ոսկե ցուցակի մեջ: Այս գրքի շնորհիվ կարող ես սեփական ոչնչությանդ բախվելով` ինքնաճանաչման ճիշտ ուղու վրա կանգնել... Գիրքը գրել է հայ մարդ, գրել է հայկական հայացքներով ու հայերեն սրտով: Չկարդալ չի կարելի: Իսկ հիմա` մի քանի պատառիկ մեծ գրքից.
Ամեն սեր, ամեն ցավ կրակե շապիկ է, և ներսից, թաքուն պիտի այրի, ու ոչ ոք չպիտի իմանա, թե այրվում ես: Սեր ունես` այրում է, ցավ ունես` այրում է, իսկ եթե այդ այրոցը չկա, դու է, որ չկաս:
***
Ուրիշի տխրությունը մարդկանց չի անհանգստացնում, ի տարբերություն` ժպիտի: Տխրությունը մարդիկ մեծահոգաբար կթողնեն քեզ, ժպիտդ է, որ չեն հանդուրժի և առնվազն կուզենան կիսել:
***
Ռաֆայել, Մոդիլյանի... Սրանք գլուխները քարովն են տվել, նկարիչը` կանայք են...
***
Եթե մարդն ուզում է քննել, տարրալուծել ինքն իրեն, կարող է աչքերը սևեռել թեկուզ բետոնե կամ քարե խուլ պատին, և պատը ճշգրիտ կանդրադարձնի նրա սեփական մտքերը, կասկածները, սխալները: Եթե մարդն այդ չի ուզում, նրան չի օգնի, եթե նույնիսկ հայելապատ լինեն սենյակի չորս պատերը կամ դեմ-դիմաց` այնպիսի ռենտգեն-էկրան, որ արտացոլում է ոչ միայն մարմնի ներսը, այլ հոգին` իր բոլոր գաղտնարաններով...
***

***
Մարդու գլխին երկնքից ոչ մի բարիք չի թափվում: Ամեն բան ձեռք է բերվում տառապանքով, այդ թվում և սերը, մանավանդ սերը` իսկականը, բարձրը, վեհը, "սուրբը", "աստվածայինը", և ոչ ամենևին այն, ինչ թափված է փողոցում: Մի' կռանա, մի' վերցրու գետնից, մանավանդ սերը:
***
Երբ վատ բան ես անում, և սիրտդ այլևս չի ճմլվում այն գիտակցությունից, որ վատ բան էր արածդ, շատ վատ նշան է:
***
Մարդու մեջ միաժամանակ ծնված երկու սերերն էլ կամ տեղը զիջում են երրորդին, կամ մեկը մյուսին վանում է և տիրանում ողջ սրտին:
***
Ծերերը ամեն ինչի հավատում են, տարիքով մարդիկ` ամեն ինչի կասկածում, ջահելները` ամեն ինչ գիտեն...
***
Նայիր ու անցիր, ժպտա ու անցիր, տխրիր ու անցիր. քի՞չ է...
***
-Գիտե՞ս, թե ով է հորինել հեռախոսը: Երևի շատ տխուր մի մարդ, որ կարոտ ուներ, իսկ այն մարդը, որին կարոտում էր, իր կողքին չէր, չէր կարող իր կողքին լինել, ու հորինեց հեռախոսը, որ... իր կողքին զգա: Հիմա ես ամենից շատ սիրում եմ հեռախոսը, և ատում եմ... հեռախոսը: Ատում եմ, որ դու զանգ չես տալիս, սիրում եմ, որ կարող ես հանկարծ զանգ տալ... Ինչպես հիմա:
***
Անցնող ժամանակի հետ մարդկային թշնամանքը աճում է` ինչպես եղունգն է աճում մարդուց աննկատ, բայց հաստատուն, անկասելի: Այդ ժամանակ շատերը փորձ են անում թշնամանքը կասեցնելու, ինչպես մարդը երկարած եղունգն է կտրում: Բայց եղունգը միշտ շարունակում է աճել կտրված տեղից, որովհետև եղունգը անհնար է կտրել արմատից...
***
Մարդ հաճախ բարի է, երբ հարմար, մանավանդ անվնաս է բարի լինելը: Կարողացիր նույնը մնալ, ոչ թե թվալ, նույնը լինել և' ուրախության, և' վշտի, և' հաղթանակի, և' պարտության պահերին: Դժվա՞ր է: Անհնար է: Բայց հենց այդ անհնարը հաղթահարելու մեջ է մարդու բնավորության զուտ ոսկին:
***
Հիշիր, անցնող ժամանակը մի երկիր է, որտեղ մենք այլևս չենք վերադառնալու: Երբեք, ոչ մի հրաշքով...
Комментариев нет:
Отправить комментарий