Մի օր մեր աչքերը հանդիպեցին իրար:
Ես նայում էի քո աչքերին ու երազում: Ինձ համար մի յուրահատուկ նուրբ ու գեղեցիկ արվեստ էր քո աչքերն ուսումնասիրելը: Աչքերիդ անխոս պրպտումների մեջ ես հետզհետե սկսեցի հասկանալ, որ կարող եմ հոգիս վերլուծել ու խմբագրել: Որ կարող եմ դառնալ ավելի լավը: Կարող եմ անցնել ինձ քեզանից բաժանող երազանքի բոլոր իրականացող փուլերն ու դառնալ ուրիշ մարդ: Դառնալ լիարժեք` լոկ քոնը լինելու համար:
Այսօր ձեռքերս մրսում են: Աշուն է: Բայց ես էլ չեմ սպասում: Փողոցում սուրացող մեքենաների ապակիների անթափանց սևի հետևում քո աչքերի հնարավոր փայլը է'լ չի հետաքրքրում ինձ: Այդ մեքենաներից մեկը արդեն հավերժ զրկվել է իմ ներկայությունից:
Նոյեմբերյան մի ցուրտ ու անձրևոտ օր դու քո ափերի մեջ սեղմեցիր սառած մատներս, ու աչքերիցդ ժպիտ թափեցիր: Ձեռքերս, որոնք աշնան սկզբից մինչև գարնան ավարտը անտանելիորեն սառն են, չտաքացան, բայց հոգիս ջերմացավ: Դու ջերմացրիր իմ էությունը: Սիրվեցիր:

Կամաց-կամաց խրվելով աչքերիդ խառնագույնի մեջ, անգիր արեցի նրանց հատակում փայլատակող յուրաքանչյուր կայծը: Ձմեռային փայտացած օդից սառած մատներս թաղելով տաք ձեռքերիդ ծալքերի մեջ, ես այդպես էլ միայն հոգուս վրա զգացի ջերմություն: Այդ ջերմությունը երկարաձգվեց քո հայացքներում:
Բայց ես երբեք չդարձա քոնը: Չդարձա, որովհետև աչքերիդ մեջ սուզվելը տարավ մինչև այնտեղ, որ հանդիպեցի հոգուդ շերտերին: Այդքանն էլ բավական էր: Մի վերջին անգամ սուզվելով հոգուդ մռայլին հակասող աչքերիդ ժպիտներում, ես հասկացա, որ դու նա չես: Ավելի վատն ես, քան նա է, ավելի վատն ես, քան ես եմ:
Այդ ամենը հասկացա, երբ գարուն էր, ու ձեռքերս արդեն չէին մրսում: Ես տաք ձեռքերով ու տաք հոգով գրկեցի ավելի լավը լինելու իմ իրավունքը, ինձ պարտավորված համարեցի հեռանալ: Երանի քո աչքերին, որ այդքան մեծ փունջ սեր են վայելել...

Ու ոչինչ, որ ձեռքերս մրսում են: Նրանք միշտ են մրսել, ու քո ձեռքերից ճառագող այրող տաքը երբեք չի ջերմացրել մատներս: Դրանք երբեք չեն տաքանա: Հիմա գրում եմ, ու մեկընդմեջ շփում ձեռքերս: Վաղը կգնամ դասի, ու մատներս մոտեցրած շուրթերիս, կփորձեմ իմ շնչառությամբ մեղմել սառնությունը, ու տուն կգամ` ձեռքերս պինդ սեղմած գրպաններիս մեջ: Գրպաններիցս թափանցող սառնությունից սարսռալով` կարագացնեմ քայլերս: Բայց այդ սառը արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ հոգիս այլևս կարիք չի ունենա ինչ-որ մեկի աչքերից իր վրա թափվող ջերմությանը: Կարևորն այն է, որ ներսս կճառագի:
Ես երբեք չդարձա քոնը, բայց ավելի լավը դառնալը իմ մոտ ստացվեց: Ու դու ինձ համար եղար ընդամենը ինքնակատարելագործման փոքրիկ մեխանիզմ...
Հետաքրքիր պատմոություն էր...
ОтветитьУдалить:)
Удалить