
Գիտե՞ս, ես քեզ սպասում եմ: Գտիր իմ հետքը: Գիտե՞ս, դու կարող ես: Ու ես դա չեմ ուզում քեզ ու քո շնորհքին վերագրել: Չեմ ուզում, որովհետև ուզում եմ հիշես, որ գնալուցս առաջ ես քեզ իմ մտքերի ոտնահետքը ցույց տվեցի, որ հեշտ գտնես իմ անցած ուղին: Ուզեցի, որ հիշես ինձ, չկորցնես հուշս:
Գիտե՞ս, ամայի ճանապարհով եմ անցել, անքամի ու անանձրև մի ճանապարհով, անարև, բայց լուսավոր մի ճանապարհով եմ քայլել, որ հեշտ լինի քո որոնումը: Ոտնահետքերս դաջել եմ ճանապարհին` ամեն քայլից հետո հայացքս հետ թեքելով` երևու՞մ է: Երևում է, վստահեցնում եմ քեզ:
Գտիր իմ հետքը: Չէ՞ որ ես գնալուսց առաջ քեզ տվեցի սրտիս ցանկությունը, որ անպայման հետ վերադարձնես: Ես գիտեի, որ դու, լինելով հետաքրքրասերից հետաքրքրասեր, մարդկային ցանկություններ ես հավաքում: Ես իմ երազները շատ էի սիրում, բայց տվեցի: Ժամանակավոր: Չէ՞ որ դու խոստացար գալ իմ հետքով ու վերադարձնել ինձ իմ ցանկությունը: