Blogger Templates

суббота, 8 июня 2013 г.

"Արտեմիո Կրուսի մահը", պատառիկներ

  Վերջերս կարդում էի գրող Կարլոս Ֆուենտեսի "Արտեմիո Կրուսի մահը" վեպը: Մի քիչ դժվար ընթեռնելի, դժվարամարս ու խառը գրվածքը ինձ համար բացահայտումների մի ողջ աշխարհ եղավ, խրվելով դրա մեջ` ես մի քանի օրում կորցրեցի ու գտա ինձ: Գիրքը, որը իրենից ներկայացնում է իր կյանքի փուլերը լիարժեք ապրած, արդեն կաթվածահար մարդու խոհերն ու հիշողությունները, անցյալի, ներկայի, ապագայի ու ուղղակի երևակայության խառը զանգված է: Դժվար հասկանալի, հոգնեցնող, միաժամանակ անկասելիորեն  ձգող սուր հոգեբանական մի վեպ, որը դասվեց իմ կարդացած գրքերից ամենալավերի ցուցակում: Ուզում եմ ձեզ ներկայացնել ընթերցանության ժամանակ գրքից քաղված մի քանի պատառիկներ, գոհարներ, հուսով եմ` կհավանեք ու ամբողջ գիրքը կընթերցեք մի օր: Շատ բաներ, հնարավոր է` անհասկանալի ու անիմաստ համարեք, բայց եթե գիրքը կարդաք, այդ ամենը կթվա  վերին աստիճանի խորիմաստ ու հուզիչ: Անձամբ իմ հոգեկանի վրա խորը ազդեցություն է թողել սա: Մի խոսքո~վ`



  Ծնվել ես, կծնվես բոլորովին անբիծ ափերով, բայց լույս աշխարհ գալուդ պես, մի քանի ժամ չանցած, դրանց սպիտակ հարթությունը կլցվի մարգարեական գծերով ու նշաններով: Մեռնելու ես` ափիդ վրա խորը շեշտված ակոսներով, բայց հենց մեռնես, չանցած մի քանի ժամ, ճակատագրիդ բոլոր հետքերը կջնջվեն ափերիդ վրայից:

***

  Պարզ ու հասարակ չէ աշխարհը: Թե պասսիվ եղար, թողեցիր բախտի քմահաճույքին` գլուխ չես հանի: Դու պիտի մտածես, որպեսզի չխորտակվես փորձանքների խաչմերուկում, պիտի սառնասրտորեն գնահատես իրականությունը` կուրորեն չգործելու համար, ցանկանաս, որպեսզի կասկածները չկրծեն հոգիդ: Դու պիտի ապրես:

***

  Շարունակիր տեսնել, շարունակիր ցանկանալ, հիշել, որովհետև միայն այդկերպ է հնարավոր իրականացնել ցանկությունը: Վերադարձ, վերադարձ, միայն անցյալը կարոտելով է հնարավոր հասնել այն ամենին, ինչ ուզում ես: Պետք չէ առաջ գնալ: Ետ, ետ, միայն ետ:
  Հիշողությունը իրականացումն է ցանկությունների:
  Վերապրիր հիշողությունդ, քանի դեռ ուշ չէ:
  Քանի դեռ քաոսը չի խանգարում քեզ հիշել...

***

  Առաքինությունը միայն ցանկալի է, իսկ անբարտավանությունը` անհրաժեշտ միայն: Սակայն վերջում, գոնե ամենավերջում, անբարտավանությունը ավելորդ է, իսկ մարդկայնությունը` անհրաժեշտություն:

***

  Ոչ մի բան չի կարող հավերժորեն տևել ու չդառնալ սովորական:

***

  Կգա օրը, երբ դու ինչ-որ բան կհասկանաս, հաշիվ կտաս, որ ինչ-որ բան ավարտին է մոտեցել: Մի առավոտ դու կելնես` կստիպես քեզ հիշել, կելնես ու կնայես հայելուն ու վերջապես կտեսնես, որ ինչ-որ բան մնացել է ետևում: Դու կհիշես վրա հասնող ծերության այդ առաջին օրը, նկատի առ` նոր ժամանակվա առաջին օրը: Եվ կնկատես` արձանացած, քար կտրած և այդուհետև նորովի կնայես ամեն ինչի: Կբացես պատուհանը, որպեսզի առավոտվա քամին ներխուժի սենյակ: Ա~հ, այն կհամակի քեզ, կպարուրի, կստիպի մոռանալ խնկի բույրը, այդ քեզ հետապնդող բուրմունքը, ահ, ոնց կթարմացնի քամին, չի թողնի, որ քո մեջ կասկածներ ծնվեն, կօգնի քեզ չնկատել առաջին կասկածը...

***

  Միայն երեխաներն են ընդունակ թաղման ուրախ արարողություններ կազմակերպել: Դրա մեջ է նրանց մաքրությունը:

***

  Յուրաքանչյուր ոք քո հավանական հակառակորդն է, որովհետև յուրաքանչյուր ոք ևս մի խոչընդոտ է ցանկություններիդ իրականացման ճանապարհին:

***

  Ապրելու ես... Դառնալու ես տիեզերքի իմաստն ու հակասությունների առանցքը... Մարմինդ իմաստ ունի... Իմաստ ունի կյանքդ... Դու եղել ես, կաս ու կլինես տիեզերքի մարմնավորումը...  Քեզ համար կսկսեն բոցավառվել գալակտիկաները ու այրվել արևները... Որպեսզի դու սիրես, ապրես, գոյություն ունենաս... Որպեսզի դու բախվես գոյության առեղծվածին ու մեռնես` չկարողանալով թափանցել նրա մեջ, զի դու այդ կհասկանաս միայն այն ժամանակ, երբ հավերժորեն կփակվեն աչքերդ...

***

  Ուրիշ մարդկանց մահերն են երկարացնում մեր կյանքը:

***

  Աստծո սերը շատ մեծ է և ապրում է իր ստեղծած բոլոր մարմինների մեջ` արդարացնելով մարդկանց:

***

  Ապրել նշանակում է դավաճանել քո աստծուն, ապրելուդ փաստը հաստատող յուրաքանչյուր արարքը, յուրաքանչյուր քայլը ստիպում է քեզ խախտել քո աստծո պատվիրանները:

***

  -Դու ինձ կներե՞ս այն բանի համար, որ ես քեզ չեմ կարողանում ներել այն մոռացությունը, որին մատնվել է մյուսը, նա, որին ես իսկապես սիրում էի...

***

  Մտածում եմ այն մասին, որ ծեր չեմ, ոչ, մի օր դարձա այսպիսին, երբ նայում էի հայելուն...

***

  Մահը մարմնի ցանկասիրությունն է:



Комментариев нет:

Отправить комментарий