Blogger Templates

пятница, 31 мая 2013 г.

Գտիր իմ հետքը...

  Գիտե՞ս, ես քեզ սպասում եմ: Գտիր իմ հետքը: Գիտե՞ս, դու կարող ես: Ու ես դա չեմ ուզում քեզ ու քո շնորհքին վերագրել: Չեմ ուզում, որովհետև ուզում եմ հիշես, որ գնալուցս առաջ ես քեզ իմ մտքերի ոտնահետքը ցույց տվեցի, որ հեշտ գտնես իմ անցած ուղին: Ուզեցի, որ հիշես ինձ, չկորցնես հուշս:

  Գիտե՞ս, ամայի ճանապարհով եմ անցել, անքամի ու անանձրև մի ճանապարհով, անարև, բայց լուսավոր մի ճանապարհով եմ քայլել, որ հեշտ լինի քո որոնումը: Ոտնահետքերս դաջել եմ ճանապարհին` ամեն քայլից հետո հայացքս հետ թեքելով` երևու՞մ է: Երևում է, վստահեցնում եմ քեզ:

  Գտիր իմ հետքը: Չէ՞ որ ես գնալուսց առաջ քեզ տվեցի սրտիս ցանկությունը, որ անպայման հետ վերադարձնես: Ես գիտեի, որ դու, լինելով հետաքրքրասերից հետաքրքրասեր, մարդկային ցանկություններ ես հավաքում: Ես իմ երազները շատ էի սիրում, բայց տվեցի: Ժամանակավոր: Չէ՞ որ դու խոստացար գալ իմ հետքով ու վերադարձնել ինձ իմ ցանկությունը:


  Գտիր իմ հետքը...
  Գիտե՞ս, ինձ ուժ է տալիս այն միտքը, որ մի օր ոտնահետքերս դադարելու են միայնակ լինելուց: Որ մի օր միանալու են մեր մտքերի ճամփաները: Գիտե՞ս, ես չեմ սիրում անցյալիս նայելուց մենակության բիծ նկատել: Դրա համար էլ քեզ մոտ թողեցի իմ ցանկություններից ամենավերջինը, ու հետքս նվիրեցի քեզ, որ գաս մի օր: Չէ՞ որ դու շատ ես խոստումնալից: Ես հավատում եմ քեզ: Գտիր իմ հետքը:

  Գտի'ր իմ հետքը: Գտիր ոչ թե նրա համար, որ ես եմ ուզում, որ ես եմ արդեն կանչում, այլ նրա համար, որ մի օր ասացիր`
  -Ուզեմ` կգտնեմ առանց օգնության:
  Իսկ ես չուզեցի քեզ տանջել: Բայց հիմա գտիր: Ես ուզում եմ, որ դու քեզ հավատաս: Հավատաս ոչ թե հպարտանալու, այլ քո ցանկություններից մեկն էլ իրականացված տեսնելու համար: Մի քիչ էլ տանջվես, ու հասկանաս, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ` առանց կողմնակի օգնության... Բայց տանջանքի պտուղը զովացնում է հոգին: Գտիր, որ ավելի շատ վստահես քեզ:

  Երբ քո այդ ցանկությունը իրականանա, հիշի'ր, ես կհամարեմ, որ դու վերադարձրիր ինձ իմ ցանկությունը, որը քո մոտ էի թողել: Ինքդ էլ գիտես, թե ինչպես եմ ես իմ ամեն մի մտքի ու երազանքի վրա դողում: Դա իմ կյանքն է: Ուրեմն` գտի'ր իմ հետքը, եկ իմ ճանապարհով, վերադարձրու ինձ իմ ցանկությունը, խնդրում եմ քեզ: Չէ՞ որ ես քեզ տվեցի իմ մտքերի ոտնահետքը, իմ կյանքի գծագիրը ցույց տվեցի քեզ: Ու դու էլ խոստացար.
  -Կարող եմ գտնել:
  Վստահում եմ քեզ: Գտիր իմ հետքը: Գիտե՞ս, ես սպասում եմ...

5 комментариев: