Blogger Templates

воскресенье, 5 мая 2013 г.

Պատուհան...

  Իմ փոքրիկ սենյակի միակ պատուհանը մի ողջ աշխարհ է: Չնայած նրան, որ պատուհանի տեսադաշտում բակի մի շատ աննշան հատված է, սահմանափակ մի տարածություն, բայց այդ սահմանափակն էլ իր բազմազանությամբ ու բազմերանգությամբ իրոք մի կյանք է ինձ համար:

  Մանուկ ժամանակ, երբ դրսում անհոգ թռվռացել եմ ընկերներիս հետ, այդ նույն պատուհանն է հետևել ինձ մորս աչքերով, այդ նույն պատուհանն է հիշեցրել ինձ արդեն ուշ լինելու մասին, գիշերվա մասին, տան մասին:


Երբ դպրոցական տարիքում, արդեն ալարելով, սկսել եմ տանգես ու կոտանգես տանջելը, սենյակիս միակ լուսաբեր կետն է ինձ աչքով արել. "Շուտ արա, շու'տ, քեզ սպասողներ կան դրսում", ու նոր եռանդով եմ կպել տետրին:

  Եվ վերջապես, իմ լույս-պատուհանն է ինձ մատուցել առաջին փոքրիկ հոգու կայծը` մի փունջ մանուշակ, ու այդ պատուհանի տակ էլ ես ապրել եմ կյանքիս առաջին մեծ հիասթափությունը:

  Սիրում եմ նստել լուսամուտագոգին, ու երկար աշխարհին նայել: Տարօրինակ զգացողություններ են առաջանում` մարդիկ գետնի վրա, ես` գետնից բարձր, ես նստած, մի քանի քայլ այն կողմ` կյանքի շքերթ: Սկսում եմ հաշվել մարդկանց քայլերը, փորձում գուշակել նրանց խոսակցությունն ու տրամադրությունը. մեկը շտապում է, մյուսը` անհոգ զբոսնում, երրորդը ուրախ է, չորրորդը` հոգնած, դառնացած... Իսկական կյանքի շքերթ...

  Սիրում եմ անձրևոտ ու ցուրտ եղանակներին քրտնած ապակու վրա հրաշքներ նկարել, ու հրաշքների միջով նայել աշխարհին: Հրաշք եմ համարում, երբ ծանրացած մի կաթիլ սկսում է կատարելագործել իմ նկարը...

  Սիրում եմ բակի երեխաների հետ պատուհանի այս կողմից մանկանալ ու խառնվել նրանց տուն-տունիկին, և հրճվում եմ, որ երբ ձեռքս դնում եմ ապակուն, փոքրիկներից մեկը մյուս կողմից փորձում է թաթիկը հարմարեցնել թաթիկությունից վաղուց դուրս եկած, մատանիներով ու գույնզգույն եղունգներով զարդարուն իմ ձեռքի ափին...

  Ասում են` անցյալը այցեքարտ չունի: Ես` իմ պատուհանի գոյությամբ, ժխտում եմ դա: Ամեն անգամ նայելով պատուհանին, կարող ես զգալ նույնը, հինը, ջերմը, հարազատը, կարող ես վերապրել քո երեկը, պարզապես զգալ ՔԵԶ:

  Պատուհանի առջև ես եմ ապրել, պատուհանի միջով կյանքս է անցել...
  Սենյակիս պատուհանը ինձ համար մի մեծ անցյալ տանող փոքրիկ դուռ է:

Комментариев нет:

Отправить комментарий