Blogger Templates

воскресенье, 14 июля 2013 г.

Ես հասկացել եմ դա...


   Մի փորձիր նմանվել ուրիշներին: Հիշիր, միլիարդավորների մեջ դու միակն ես ու անկրկնելին քո տեսքով: Եզակի ես ու անփոխարինելի: Պահպանիր քո եզակիությունը, պահպանիր միակը լինելու քո հնարավորությունն ու մնա այնպիսին, ինչպիսին արարվել ես ի սկզբանե: Հիշիր՝ տգեղ հասկացողություն չկա, կան ընդամենը տարբերվածության մակարդակներ: Ես հասկացել եմ դա...

  Հիշիր, քո վարքն ու բնավորությունը միայն դու ունես: Ու դա ոչ թե քո շնորհքի, այլ քեզ շրջապատողների վերաբերմունքի արդյունքն է: Սովորիր չազդվել: Փոխիր քեզ քո ճաշակով, ոչ թե ինչ-որ մեկին նմանվելու ձգտումով: Դու՝ դու ես, եղիր եզակի ու հաստատուն քո որոշումների ու քայլերի մեջ: Փոխվիր միայն ու միայն քո ճաշակով, միայն լավ առումով: Ես հասկացել եմ դա...

  Սովորիր լինել ազդեցիկ: Քիչ խոսիր, խոսիր ցածրաձայն: Հիշիր, որ քո ձայնը միշտ ու ամենուր լսելի է: Սովորիր չբղավել, ու խոսել հոգեկան հավասարակշռության հնարավորինս բարձր սահմաններում: Ու կլինես ազդեցիկ: Ես հասկացել եմ դա...

  Ու՞մ են պետք քո դեմքի հոգնած ու տխուր արտահայտությունները: Ու՞մ են հետաքրքիր քո խնդիրները: Ժպտա բոլորին, ու երբեք ցույց մի տուր, որ տխուր ես: Եվ շատերը կսկսեն հետաքրքրվել քեզանով, քո խնդիրներով: Կսկսես չունենալ խնդիրներ: Ես հասկացել եմ դա...

  Ո՞վ են քո ծանոթները, ընկերները, բարեկամները՝ համեմատած ընտանիքիդ անդամների հետ: Ինչքան էլ հարազատ ու անկեղծ լինեն, ինչքան էլ չուզենալով ու ցավով՝ բոլորն էլ մի օր կհեռանան, ու դու կհասկանաս, որ քո վերջին անկեղծ ծիծաղը եղել է ընտանիքիդ գրկում: Աշխատիր ժամանակիդ ու ժպիտներիդ մեծ մասը կիսել ընտանիքիդ հետ: Նրանք են քո կյանքի ու երջանկության հիմքը կազմում: Ես հասկացել եմ դա...

  Սովորիր չլինել հպարտ: Դա քեզ կտանի դեպի Ոչմիտեղ: Կտանի Դառնության ճանապարհով: Պե՞տք է քեզ դա: Զոհ արա հպարտությունդ, ու եղիր Երջանիկ: Ու կլինես ինքդ քեզանից շնորհակալ, կլինես ինքնագոհության գագաթնակետում: Ես հասկացել եմ դա...

  Արա այն, ինչ սիրտդ է հուշում: Սիրտը հազվադեպ է լինում խաբուսիկ: Սովորիր քիչ լսել ուրիշներին, իմացիր՝ ամենահասարակ ու տարրական բաները յուրաքանչյուրի մոտ ունենում են անկրկնելի ընթացքներ: Ապրիր քո ցանկությամբ, ու ամեն ինչից եղիր շնորհակալ: Ես հասկացել եմ դա...

  Կյանքում ամենավատը՝ չարությունը թող ծայրահեղությունից ծայրահեղություն օգտագործելու համար: Հիշիր՝ չարությունը ինչքան չօգտագործես՝ այնքան կմեռնի, ինչքան օգտագործես՝ կրկնակի կզարգանա: Ու կսպանի քեզ: Ամենաանօգուտ բանն է չարությունը մարդու համար: Զգուշացիր դրանից: Ես հասկացել եմ դա...

  Եթե ուզում ես, որ բոլորը սիրեն քեզ, պիտի դու սիրես նրանց՝ բոլորին մեկ առ մեկ, յուրովի: Կյաքը բումերանգ է: Ես հասկացել եմ դա...

  Ես շատ բան եմ հասկացել: Ու դեռ ինչքա՜ն բաներ կան, որ պիտի հասկանամ: Ես հասկացել եմ դա...

Комментариев нет:

Отправить комментарий