Blogger Templates

пятница, 7 февраля 2014 г.

Կյանքի գարուն

  
  Երեկ ձնծաղիկ տեսա: Փետրվարյան չոր ու կտրող քամուց դողդողացող դեղին նրբությունը ինձ ստիպեց, որ հավատամ հրաշքին: Գարուն է գալիս: Նորից: Շուտով... Իմ գարունը:

  Ես երբեք չեմ մարսի անցած տարին: Դա այն եզակի տարիներից մեկն էր, երբ համարյա ոչինչ չանելով ես այնքան բան արեցի, որ անցյալի վրա խփվեց «վայելված» դրոշմը: Բայց վայելք կա, որ չի մարսվում:

  Ես շատ բաների հասա, ու կրկնակի կորցրեցի: Մարդիկ իմ կյանք մտան սառցաբեկորների նման` խումբ-խումբ, իրար խփվելով, ինձ վնասելով, ու հեռացան հեղեղի պես: Միանգամից: Շատ բաների էլ հասա մարդկանց անտեսելու միջոցով... Ես ձգտեցի այդ ամենին, երբ գարուն էր, ու առաջին ձնծաղիկների մի դեղին փունջ դողում էր սառած ափերիս մեջ: Ուզեցի, ու ամեն մի մանրուքից նպատակ ու հիմք ստանալու իմ սովորությամբ գնացի առաջ: 

   Հիմա մի փունջ դեղին հրաշք ինձ հիշեցնում է, որ եղել եմ ես: Որ եղել եմ, ու հիմա չկամ: Կար ուրիշը, որ հեռու-հեռավոր անցյալ ուներ իմ հետ, ու հիմա չկա: Գարունը իր ձնծաղիկային համառությամբ նրան գլխատելով եկավ, ինձ ստեղծեց:

  Մարդկային խմբերն էլ չկան: Հիմա ինչ-որ հեղեղատիպ կյանք մեջս է մտնում: Ինչ-որ տեղից աղմուկ է լսվում, ինչ-որ մարդիկ խուժում են իմ կյանք: Իսկ ես այլևս չեմ ծրագրելու: Եթե սառցաբեկորները հեռացան հեղեղի նման, թող այս եկող հեղեղաձայն էություններն էլ սառցաբեկոր դառնան իմ ներսում: Ես էլ ունեմ մարդկային հիմարության իմ իրավունքը...

  Ձնծաղիկները միայն ծաղիկ չեն: Կյանք են, ուժ ու նորի հիմք: Ձնծաղիկները այն են, որ երբ մի փունջ անպաշտպան ու գլխատված դեղնություն դողում է տաքության կարոտ սառած մատներիդ արանքում, նրանց նայելիս հոգիդ է լցվում ջերմությամբ ու կյանքով: Ձնծաղիկները ոչ միայն նոր բնության, այլև Նոր Մարդու ստեղծման խորհրդանիշ են:

  Այս ամենի հետ, ես երբեք չեմ մարսելու անցած տարին: Մեջս ինչ-որ բան թպրտում է, սպասում եմ կոտրվելու ձայնի...

  Իմ ամենադառը զգացմունքները վաղուց թաղված են սրտումս, նրանց շիրմաքարը ինքս եմ ամրացրել: Իսկ շիրմաքարին հավերժ անթառամ ձնծաղիկների մի փոքրիկ ու դողդողացող դեղին փունջ ինձ կյանք ու լույս է տալիս: 

  Հեղեղը մոտենում է...

3 комментария: