Blogger Templates

воскресенье, 21 апреля 2013 г.

Հեքիաթի հուշերով...

  Ես հիմա կուզենայի քեզ տեսնել, կուզենայի քեզ հիշեցնել քո մասին, իմ հեքիաթը, մեր լեգենդը ներկայացնել քեզ: Կուզենայի երկա~ր-երկար նայել աչքերիդ մեջ, ու ասել, թե ինչքան եմ կարոտել քո հոգու ջերմությանը: Ես այդպես էլ չհասկացա` ժպտու՞ն են քո աչքերը, թե՞ տխուր: Միայն դու ունես այդպիսի աչքեր, միայն քո աչքերում է կարելի գտնել այն ամենը, ինչը ուրիշների մոտ մի-մի հատ է տրված:
  Երբ իմ աշխարհը սկսեց բաժանվել երկու մասի, երբ թղթի ճերմակի վրա անջնջելի սևով սկսեցին դաջվել իմ հույզերի վկաները, ես ունեցա քեզ:
 
Երբ սովորեցի օրս ապրել քո համար, երբ ամեն ինչ քեզանից հետո դարձավ երկրորդական, դու ունեցար ինձ: Ու մենք ուզեցինք տիրապետել իրար:
  Երբ մի անձրևոտ առավոտ մեզ հանդիպեցրեց սպասումը, երբ ես սովորեցի գնահատել լուսաբացը և սովորեցրի քեզ անձրևը սիրել, դարձա ուշացումի թշնամին: Ու սովորեցի քեզանից շտապելու արվեստը:
  Եվ այն ժամանակ, երբ քո մարած հայացքի ժպտուն աչքերում տեսա իմ երազը, սկսեց կյանք առնել մեր լեգենդը...
  -Արև, ես չեմ ուզում քեզ կորցնեմ...
  -Վախենու՞մ ես:
  -Չէ, չգիտեմ...
  -Հա~... Չես կորցնի:
  Ու շարունակվեց մեր հեքիաթը, մենք դարձանք իմ տեսած ու պատկերացրած ընկերական զույգերից ամենալավը, ամենասիրունը: Հիշում ես, չէ՞:
  Հետո ես սովորեցի սիրել քո' հեքիաթը.
  -Մարդու հետ կարելի է ապրել, բայց չսիրել, արև: Ընդամենը հարգելով կարելի է խաղաղ ապրել...
  Ու ողջ ժամանակը լցրեցինք այդ հեքիաթներով:
  Իսկ ժամանակը սկսեց թռչել մեր անշարժության վրայով... Ժամանակը սովորեցրեց թռչել մեր վրայով: Ես կուզենայի հիմա քեզ պատմել, թե ինչ բարի ու անկեղծ ժամանակահատված ես ներմուծել դու իմ կյանք, կուզենայի պինդ-պինդ գրկել քեզ, ու շնորհակալության խոսքեր շշնջալ: Մխրճվել աչքերիդ անհատականության մեջ, ստանալ ամե'ն ինչ, ու նորից փորձել հասկանալ` ժպտու՞ն են քո աչքերը, թե՞ տխուր, և չզայրանալ, երբ դու ցուցադրաբար փախցնես աչքերդ իմ աչքերից: Կուզենայի ուղղակի հիմա կողքիս լինեիր, որ մեր լեգենդը ունենար շարունակություն: Ես կուզենայի նորից ունենալ ամենալավ ընկեր, նորից ունենալ քեզ...
  Ես չգիտեմ, թե ինչու եմ այս ամենը գրում: Բայց ուզում եմ, որ դու կարդաս, ուզում եմ, որ քո մի քանի հազար կիլոմետր հեռվից գաս, ու ապացուցես, որ մեր լեգենդը եղել է իրականություն: Իսկ հետո չգիտեմ ինչ է լինելու... Ուզում եմ, որ մի օր դրսում հանդիպենք, բոլորովին պատահական, սկսենք հրաշքներին հավատալ մեր բղավոցով. "Դու~"... Իսկ հետո...  չգիտեմ ինչ կլինի: Երևի իմ մտքում ծնված հազար ու մի պատահական հանդիպումներից մեկը կմտնի ընթացքի մեջ: Բայց դա արդեն կարևոր չէ: Կարևորը այն է, որ մեր "Լինում է, չի լինում"-ը մի պահ կդառնա "Եղավ": Ու մի պահ մենք մեզ կզգանք առաջվա հեքիաթակյանք խենթերը: Կհիշենք մեզ:
  Հիմա ես ուղղակի գրում եմ, ու երազում: Իսկ դու կարդա վաղը, քո' հեքիաթը մի կողմ դնելով, եկ: Ես սպասելու եմ քեզ: Կարոտել եմ քեզ: Շա~տ...

  

Комментариев нет:

Отправить комментарий