Blogger Templates

среда, 7 августа 2013 г.

Վիրտուալ

 
  Վիրտուալ: Սա մի տարածք է, որտեղ դու ամեն ինչ կարող ես անել: Ամեն ինչ կարող ես անել, բայց վերջում կհասկանաս, որ ժամանակդ անցավ, իսկ դու ոչնչի չհասար: Կնայես աջ ու ձախ` նույն սենյակն է, նույն սեղանը` փոշեպատ, հին, հարազատ, նույն աթոռը, նույն զզվելի էկրանը, ու միայն դու ես ուրիշ: Դու, որ ամե'ն ինչ արեցիր փոշեպատ սեղանի առաջ, փոխվեցիր-փոխվեցիր... Ու քեզ վերջում կմնա ընդամենը մեկ բան անել` մաքրել սեղանի փոշին...

 
Վիրտուալ: Դա մի տարածք է, որտեղ ամեն ինչ կարող ես ասել, ամեն ինչ կարող ես ապրել, տալ, զգալ, իսկ վերջում հոգումդ կմնա ոչինչ չասող ու բութ մի դատարկություն: Դա մի տարածք է, ուր կարող ես զգացմունքներդ ծախել մի քանի քաղցր բառերով, մի քանի խելացի խոսքերով ու գեղեցիկ նկարներով: Զգացմունքներդ, որոնք գին չունեն: Անգին են:

  Վիրտուալ: Դա մի տարածք է, ուր բոլորը մեկը մյուսին պետք են: Պետք` ցանկացած առումով... Հենց այդպես:

  Վիրտուալ: Դա այն է, երբ դու, երբեք ոչ ոքի չհավատալով ու չվստահելով, աշխարհի չգիտեմ որ ծայրում, ինչ-որ քառակուսի զանգվածի առջև քեզ համար տկտկացնող ու ժամանակ սպանող մեկին սկսում ես վստահել քեզանից անկախ: Վստահել ու... սիրել: 

  Վիրտուալ: Դա մի հիմար իրավիճակի հիմք է, երբ դու ցանկանում ես մեկին ասել, թե ով ես, երբ ցանկանում ես "վիրտուալ" ու "իրականություն" հասկացությունները միացնել "կյանք" ամբողջությամբ, բայց, չգիտես ինչու, չես անում: Դա մի պահ է, երբ դու վախենում ես, որ այդ մարդը իրականում չի լինի այնպիսին, ինչպիսին տառակույտերում է: Վախենում ես, գրողը տանի...

  Վիրտուալ: Դա այն է, երբ դու զգում ես մեկի կարիքը, միշտ ուզում ես հետը խոսել` նա քեզ պետք է: Բայց անընդհատ մոռանում ես, ավելի ճիշտ` չես ուզում հիշել, որ դու էլ նրան ես պետք: Զարմանում ես` ինչպե՞ս թե, կդիմանա: Ու այդպես էլ ոչինչ ես անում` հօգուտ նրա:

  Վիրտուալ: Դա մի տարածք է, ուր կարճ ժամանակում լիովին հավատալով ինչ-որ մեկին, հետո խաբվելով նրա կողմից` սկսում ես չհավատալ ու հիասթափվել մի ողջ բարի ու անկեղծ շրջապատից: Դա մի տարածք է, ուր կարող ես ցանկացած մեկի ներկայանալ որպես Ճապոնիայից եկած ոճաբան, կարող ես նրան դնել սպասումների մեջ, ու մի տևական ժամանակ հրճվել սեփական հիմարության վրա: Հետո ամբողջ կյանքում տանջվել խղճի խայթից... 

  Դա մի հնարավորություն է, երբ դու թեթևանալով քո հոգեկան խնդիրներից` կարող ես ոչ ոքի ու երբեք երախտապարտ չլինել:

  Վիրտուալ: Դա այն է, երբ դու ինչ-որ  համառ ու անհասկացող հիմարի ոգևորված սպառնում ես, որպեսզի քեզ չգրի, ու այդ նույն պահին անտեսում ես կողքի սենյակից եկող  հարազատների կանչը...

  Վիրտուալ: Դա մի տարածք է, որտեղից շատերը չեն կարողանում դուրս գալ, մինչև վիրտուալ "ընկերները" իրենք չհեռանան:

  Դա մի տարածք է, ուր մարդ ամեն ինչ դանդաղ ու քիչ վայելելով` մեռնում է միանգամից...

  Վիրտուա՜լ...
  

2 комментария: