Blogger Templates

вторник, 3 сентября 2013 г.

ես ու Ես...

  Ես աշխարհ եկա ոչ իմ որոշմամբ: Եկա տիեզերական հրեշավոր ցավից, եկա ցավը ճեղքելով, ինքս ցավ դարձած: Ես եկա հույսի կանչերով, եկա ու ականջ խլացնող ճիչով ողջունեցի մարդկանց: Մարդիկ ինձ Լույս անվանեցին, ու երջանկացան ինձանով: Ես եկա: Սկսեցի գոյություն ունենալ:


  Ինձ սիրեցին: Հետո՞ ինչ. կյանքը չսիրեց: Տոտիկ-տոտիկ առաջ գնալով, շատերի երազանքը իրականացնելու ճանապարհին, հանկարծ խավարի մեջ հայտնաբերեցի ինձ: Ես խրվում էի: Խրվեցի: Եվ խավարի այդ երկար ու ձիգ շերտավորումների տակ ինձ էլ ոչինչ չէր մնում` ինձանից բացի: Իսկ անհայտությունը ծանր է: Ես ու ես... Հիշողություններ... Բայց, արի ու տես, որ հիշողություններն էլ են ձանձրացնում:

  Երբ անընդհատ իմ կողմը պարզվող ինչ-որ ձեռքեր վերջապես բռնեցին իմ կյանքի թելը` էլ երբեք բաց չթողնելու համար, ես անեզրության մեջ անհունորեն արդեն սկսել էի հաշվել, թե որքան սնունդ եմ օգտագործել իմ ապրած կյանքի ընթացքում, ինչքան հեղուկ եմ ընդունել, ինչքան թույն ու դեղորայք եմ ներկրել իմ օրգանիզմ: Ես արդեն սկսել էի հաշվել, թե ինչպիսի զգացմունքներ եմ ունեցել, քանի մարդու հետ եմ շփվել, քանիսն են եղել իմ բարեկամը, քանիսը` թշնամին: Ես երբեք չստացա այդ հարցերի կոնկրետ պատասխանը:

  Ինձ հեռացրին ինձանից: Իսկ աշխարհը առաջվա պես հյուրընկալ էր: Ես շարժվեցի, ոչ իմ ցանկությամբ: Ինչ-որ սրտեր սկսեցին ցույց տալ, թե որն է իմ ցանկությունը: Ու ես ընդունեցի: Կորցրեցի ինձ: Կորցրեցի: Եվ ինչ-որ մեկին, մի քանիսին վերցնելով իմ մեջ` գնացի առաջ: Գնացի այն ճանապարհով, որը, խավարից դուրս բերելուց դեռ շատ առաջ, պատրաստել էին հատուկ ինձ համար: Գնում եմ...

  Աշխարհը երբեք արդար չի եղել: Կյանքը զարկում է անսպասելի, ու կանխամտածված զրկում: Մնացած ցանկացած շարունակություն օտար է, նորի խթան:

  Ես` ես չեմ: Ես կորցրի ինձ, երբ մարդիկ համոզված էին, որ գտել են ինձ: Իմ խաղը կյանքի հետ ավարտվեց "Ոչ ոքի": Ավարտվեց:

  Հետո, մի օր, մի շատ անսպասելի կամ սպասված օր, ես կհեռանամ այս աշխարհից: Ոչ իմ որոշմամբ... երևի: Խաղը դեռ շարունակվում է` ես ու Ես...

3 комментария:

  1. Խաղը միշտ էլ կշարունակվի, նույնիսկ այն ժամանակ, երբ Դուք չլինեք, դրա դեմն առնելու համար պետք է ճիշտ դաստիարակել, որպեսզի հաջորդներն էլ գնալուց արժանապատվորեն գնան

    ОтветитьУдалить
    Ответы
    1. ամեն մարդ կյանքում իր յուրահատուկ խաղն է ունենում... երբ ես չլինեմ` շարունակություն չի լինի, դա Իմ խաղն է. կլինեն ընդամենը այլոց հիշողությունները :)

      Удалить
  2. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить