Blogger Templates

пятница, 29 марта 2013 г.

Փշուրների իմ ամբողջություն

  Սիրում եմ, երբ մարդիկ ստիպում են ինձ հորինել: Հորինել արև, հորինել ջերմություն, ժպիտ, սեր, լեգենդ... Հորինել այն, ինչ չկա: Շատ եմ սիրում, երբ մարդիկ ստիպում են ինձ հորինել իրենց, իրենց դեմքով կերտել այնպիսի նոր կերպար, ինչպիսին երևի երազել են լինել: Ու ես էլ հորինել եմ: Հորինել եմ իրենց ներշնչածով: Եվ, ամեն անգամ զգալով իմ ստեղծածի կատարելությունը` հիացել եմ անմնացորդ ու սիրահարվել իմ մտքի ծնունդին, ինչպես քանդակագործներն են գործը ավարտին հասցնելուց հետո հիանում անշունչ, անզուգական գեղեցկությամբ:
Իսկ հետո, երբ ուզեցել եմ շունչ տալ սարքովի գեղեցկությանը, շունչը, վերածվելով Ճշմարտություն կոչվող փոթորկալից մի քամու, փշրել է իմ գյուտը: Գյուտը, որի մասին միայն ես գիտեի: Բայց, վերջին հաշվով, փշրանքների մեջ էլ կա գեղեցկություն: Ու սիրել եմ շարունակ հավաքել փշուրները, որոշել նրանց տեղերն ու սոսնձել անորակ սոսինձով, շարունակ քանդվողը սոսնձել նորից ու կրկին: Սիրել եմ, որովհետև հավատացել եմ իմ ստեղծածի կատարելությանը, որովհետև ներքին մի ձայն միշտ սվսվացել է իմ ականջներում. "Դա` դու ես, բոլոր մասերը առանձին-առանձին վերցրած` դու ես: Վերականգնիր": Ու շարունակել եմ իմ աշխատանքը: Հավաքել եմ իմ փշուրները` ուրիշի դեմքով: Իմ մտքերն եմ վերականգնել:
   Հիմա էլ, հերթական անգամ հավաքելով մի փշրված կերպար, փորձում եմ մի ճեղք թողնել, մի փշուր հեռացնել` ժպիտ ստեղծելու համար: Մոռացել էր ներշնչել անժպիտ կերպարը... Ու հիմա փորձում եմ կատարելագործել` մի մռայլ փշուր թող կորած մնա, ժպիտ լինի գոնե հորինվածքում: Գեղեցիկ լինի: Իսկ իմ հորինածները չեն կարող գեղեցիկ չլինել, նրանք կատարյալ են` ամենալավն ու ամենաբարին բոլոր եղած-չեղած կերպարների մեջ: Նրանք ուղղակի իրենց դեմքերը կրող մարդկանց երազանքներն են, որ անմահանում են իմ մտքում:

  Հ.Գ. Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ սովորեցրին շարունակ փշրվող ու վերականգնվող կերպարների արվեստին տիրապետել: Նրանք ինձ սովորեցրին, որ մարդկանց ատելու փոխարեն կարելի է ուղղակի մոռանալ, ու նրանց դեմքով ստեղծել կատարյալ կերպարներ` գեղեցիկ բնակիչներ  մի փոքրիկ աշխարհի համար...

6 комментариев: